Չարենց | Հեռացումի խոսքեր | կարդում է ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲԱՋՅԱՆԸ

«Հեռացումի խոսքերը» քսանամյա բանաստեղծը ձոնել է իր ընկերուհուն՝ Կարինե Քոթանջյանին՝ ի նշան իրենց բաժանման. Կարինեն մնում էր Մոսկվայում, իսկ Չարենցը վերադառնում էր հայրենիք:

Ո՞վ էր Կարինե Քոթանջյանը: Կարինեն ու Չարենցը ծանոթացել էին Կարսում: Հետո Կարինեին հարազատները տեղափոխել էին Թիֆլիս՝ պատերազմի թոհ ու բոհից հեռու, առավել ևս, որ Կարինեն ընկերուհիների հետ ցանկանում էր մեկնել ռազմաճակատ:

Բայց Կարինեն չէր կարող հայրենիքից հեռու լինել: Ու այն ժամանակ, երբ ուրիշները փախչում էին հայրենիքից, Կարինեն՝ անսալով Թումանյանի կոչին՝ օգնել որբերին և գաղթականներին, 1915թ-ին Թիֆլիսից գալիս է Էջմիածին՝ գթության քույր աշխատելու համար: Կարճ ժամանակ անց, սակայն, նա ծանր հիվանդանում է: Հարազատների ջանքերով Կարինեին տեղափոխում են Մոսկվա՝ բուժվելու:

1916թ-ի գարնանը Կարինեն կարճ ժամանակով գալիս է Կարս, ուր և դարձյալ հանդիպում է Չարենցին: Նա Չարենցին համոզում է մեկնել Մոսկվա և ուսանել Շանյավսկու ժողովրդական համալսարանում:

1916թ-ի սեպտեմբերին Չարենցը մոր օգնությամբ համոզում է հորը՝ ֆինանսավորել իր Մոսկվա ուղևորությունը: Մոսկվայում Չարենցն ու Կարինեն ապրում են բուռն կյանքով: Չարենցը գրում է «Վահագն», «Աթիլլա» պոեմները և «Ծիածան» ժողովածուն (որը և հրատարակում է Մոսկվայում):

1917թ-ի մարտին Չարենցը որոշում է վերադառնալ հայրենիք և Կարինեին՝ ի նշան բաժանումի, նվիրում «Հեռացումի խոսքերը»:

Աղբյուրը՝ Հրանտ Թամրազյան, «Եղիշե Չարենց», Երևան, 1987:

ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ

Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել։
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի — բայց երգս կա, կապրի դեռ։

Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անhույս։
Երգերիս մեջ — դու գիտե՞ս — ինձ ոչ-ոք չի ճանաչում՝
Կարծես ուրի՜շն է երգում կապույտ կարոտը հոգուս։

Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել.
Ոչ ոք, ոչ ոք չգիտե՝ արդյոք ի՞նչ է կյանքս, ես.
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ։

Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
Կյանքս թողած անհունում — ես երգել եմ սերը խոր
Ու կարոտը թևերիս, որ երբե՜ք քեզ չհասան…

Մոտենում է, քո՛ւյր իմ, ա՜խ, իրիկունս միգամած.
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից.
Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած,
Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՜ն ինձ։

Գուցե՜ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես,
Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան…
— Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս
Խե՜ղճ կարոտը թևերիս, որ երբե՜ք քեզ չհասան…

1917

Տեքստը և կետադրությունը՝ Եղիշե Չարենց, Ընտիր երկեր, Երևան, 1997թ.:

Advertisements

One thought on “Չարենց | Հեռացումի խոսքեր | կարդում է ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲԱՋՅԱՆԸ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s